Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը չի հավակնել և, հազիվ թե, այժմ հավակնում է վարչապետի պաշտոնին: Լրագրողների հետ զրույցում այդպիսի համոզմունք է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ընդսմին հավաստիացրել է, որ ՀՀԿ-ն առայժմ պաշտոնապես չի քննարկել ոչ ապագա վարչապետի, ոչ նախագահի թեկնածությունը: Անդրադառնալով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ ներկայացուցիչների վերջերս ակտիվացած հայտարարություններին` Բաղդասարյանը նշել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, կրկնելով, որ կադրային հարցերի նկատմամբ ՀՀԿ պաշտոնական դիրքորոշում առայժմ չկա: «Այն, որ ՀՀԿ ներկայացուցիչները 2018 թվականից վարչապետի պաշտոնում տեսնում են հենց Սերժ Սարգսյանին, զարմանալի չէ, չէ որ նա կուսակցության առաջնորդ է, և նրա նկատմամբ վերաբերմունքը դրական է՚, - նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք անձամբ ինքը տեսնում է Սերժ Սարգսյանին` նախագահական լիազորություների ժամկետի ավարտից հետո, Բաղդասարյանը նշել է. «Անձամբ ես նրան տեսնում եմ ՀՀԿ առաջնորդի պաշտոնում, մնացած ամեն ինչ արդեն դրա ածանցյալ է՚: Խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածության մասին` պատգամավորը նշել է. «Եթե մենք վստահ չլինեինք նրա արժանիքներին, մենք նրան չէինք առաջադրի վարչապետի պաշտոնի համար՚: Հարկ է նշել, որ ինքը` Սերժ Սարգսյանը, իր վերջին հարցազրույցում հավաստիացրել է, որ առայժմ չի կողմնորոշվել իր քաղաքական ծրագրերի առնչությամբ: Ավելի վաղ նա խոստացել էր չհավակնել վարչապետի աթոռին` իր նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո, եթե սահմանադրական բարեփոխումներն ընդունվեն հանրաքվեի արդյունքում: Հետագայում Սարգսյանը հայտարարել էր, որ իրեն տեսնում է անվտանգության ոլորտում: Անդրադառնալով 2018-ից հետո էլ կառավարությունը գլխավորելու վարչապետ Կարեն Կարապետյանի ցանկությանը` նախագահն այն համարել էր առողջ, ընդհանուր առմամբ, դրական գնահատելով Կարապետյանի կաբինետի գործունեությունը:
Այդուհանդերձ, վերջին ժամանակները ՀՀԿ ներկայացուցիչները մեկը մյուսից հետո հայտարարում են, որ վարչապետի պաշտոնի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է` լիովին երկրի կառավարման խորհրդարանական ձևի անցումից հետո: Իսկ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այն դիտողությանը, որ Սարգսյանը խոստացել էր սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո չհավակնել վարչապետի աթոռին, նշել էր. «Այն ժամանակ այլ իրողություններ էին, այլժմ` այլ: Պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում փոխվել են նաև քաղաքական գործիչների ծրագրերը՚: