Արմինֆո.Թուրքիան երբեք չի հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ իր հին քաղաքականությունից, համոզված է հայտնի վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
«Թուրքիան միշտ կցանկանա ԱՄՆ-ին մոտ լինի, այդ թվում՝ կովկասյան հարցերով։ Թուրքիան հիմա սպասման քաղաքականության մեջ է, նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որ այս պահին չկա։ Այն ինչ քարոզվում է այդքան մեծ ուժով, այսինքն՝ եռյակ դաշինք՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, ես հավանական չեմ համարում, դա նոր ռազմավարություն չէ։ Այդ ջանքերը նախկինում էլ են եղել, այդ երեք գերտերությունները մեծ բանի չեն հասել՝ հակառակը, հայտնվել են այնպիսի իրավիճակներում, երբ պետք էր հետքայլ անել ու մտածել՝ արդյոք ճիշտ են վարվել։Կան իհարկե ցանկություններ, բայց հարցն այն է, որ երեք պետությունները արտաքին քաղաքականության մեջ հակասություններ ունեն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում»,- հայտարարել է նա 1in.am-ին:
Ռուս-թուրքական հարաբերություններում սպառնալիք տեսնելով Հայաստանի համար՝ վերլուծաբանը քիչ հավանական է համարում հայկական շահերի հաշվին դրանց բարելավման հեռանկարը: «Մենք հիմա այդպիսի իրավիճակում ենք, որ կան շատ այլ հնարավորություններ, ու մենք կարող ենք խուսանավել։ Ռուսաստանը մենակ է մնում, իսկ նրա ինչի՞ն է պետք մենակ մնա, չեմ կարծում, թե այդ նպատակն է հետապնդում։Պետք չէ մտածել, որ ամեն ինչ կորած է, խաղն էլ ավարտված չէ։ Ռուսաստանի համար առաջնային խնդիրն այսօր Ուկրաինան է։ Կորցնելով Ուկրաինան՝ Ռուսաստանը ամեն ինչ կկորցնի։ Ուշադրություն դարձրեք՝ ինչքան ժամանակ է հատկացվում Ուկրաինային։ Ռուսաստանը հասկանում է՝ ինչի հասավ։ Իսկ դա ողբերգություն է Ռուսաստանի համար։ Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում ողբերգություն է Ռուսաստանի համար։ Ով ինչ կորցել է՝ արդեն կորցել է, այլևս կորցնելու բան չկա։ Պետք չէ սպասել, որ որևէ մեկն ինչ-որ բան կկորցնի։ Ղարաբաղի հետ ամեն ինչ կարգին կլինի, կարևորը՝ պատերազմ չի լինի։ Այն ինչ սպառնում է մեզ՝ տարածքների կորուստ, իրականություն չի դառնա։ Դրանով հարված կհասցվի ԱՄՆ-ին, Եվրոպային, ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին»,- նշել է Մուրադյանը:
Այս առումով վերլուծաբանը կանխատեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտալուտ վախճան: «Նոր բաներ ի հայտ կգան եվրոպացիների, ամերիկացիների, ռուսների համար։ Գուցե նոր մտահղացումների խնդիր դրվի։ Ոչ թե նոր պետություններ, այլ նոր մտքեր, որովհետև դրանցով առաջ գնալ հնարավոր չէ»,- ասել է նա: