Արմինֆո. Հայաստանի ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ընդունել է «Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի» տնօրեն Եվգենի Ամետովին: Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել պրն. Ամետովին Հայաստան կատարած այցի համար և բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են սեպտեմբերին Աստանա կատարած աշխատանքային այցն ու «Կենսաթոշակային համակարգերի ֆինանսական կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի արդյունքները: Հովհաննես Սահակյանն անդրադարձել է նաև 2018 թվականի աշնանը Հայաստանում կայանալիք միջազգային համաժողովի կազմակերպչական հարցերին և վստահեցրել է, որ համաժողովի բարձր մակարդակի կազմակերպվածությունը երաշխավորված է:
Հանդիպման ավարտին Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: