Արմինֆո.Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը հրապարակել է «Սարգսյանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» և «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով վերջնական որոշումները: Ինչպես նշված է ՄԻԵԴ կյաքում, երկու գործերն էլ առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և դեռևս 2015 թվականի հունիսին դրանց առնչությամբ ըստ էության դատավճիռ էր կայացվել, սակայն նշվել էր, որ արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումը պատրաստ չէ:
Նոր որոշման համաձայն, «Սարգսյանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում հայցվորներից յուրաքանչյուրին վճարել 5 հազարական եվրո որպես նյութական և բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
Իսկ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ մեծ պալատը Հայաստանի կառավարությանը պարտավորեցնել է 3 ամսվա ընթացքում 5000 եվրո վճարել յուրաքանչյուր հայցվորի` որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի համար։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը հրապարակել էր ՙՍարգսյանն ընդդեմ Ադրբեջանի՚ և ՙՉիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության՚ գործերով որոշումները։ ՙՍարգսյանն ընդդեմ Ադրբեջանի՚ գործով հրապարակված որոշման համաձայն, Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել սեփականության պաշտպանության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքի խախտում: Նույն օրը քննարկվել էր ՙՉիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՚ գործը, ըստ որի`համանման որոշում էր կայացվել: