Արմինֆո.Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը հերքում է երեխաների կոտորածը Հայոց ցեղասպանության ժամանակ, իրավունք չունի Իսրայելին բան սովորեցնել: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Yesh Atid կուսակցության ղեկավար Աիր Լապիդը` ի պատասխան Էրդողանի այն պնդման, թե Իսրայելն «ահաբեկչական պետություն է, որը երեխաների է սպանում՚: Հիշեցնենք, որ Լապիդը 2017 թվականի հուլիսին դիմել էր Իսրայելի ղեկավարությանը` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ Էրդողանի վերը նշված հայտարարությանն արձագանքել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն` Թուրքիայի ղեկավարի ելույթը համարելով «Իսրայելի դեմ գրոհ՚: «Սեփական տարածքում քրդերին ռմբակոծող, լրագրողներին բանտերը նետող, Գազայում ահաբեկիչներին աջակցող և անմեղներին սպանող երկրի ղեկավարից չէ, որ ես պետք է բարոյականության դասեր առնեմ՚, - նշել էր Նեթանյահուն:
Անկարան Էրդողանի մամուլի քարտուղարի շուրթերով Իսրայելին մեղադրել է «պաղեստինցի ժողովրդի հողերի բազմադարյան օկուպացման համար՚: