Արմինֆո. Լեռնային Ղարաբաղը դեմ չէ ցանկացած տեսակի բանակցությունների, այդ թվում՝ սուբստանտիվ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Վիեննայում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում:
Նրա խոսքով, ցանկացած բանակցություն, որպես այդպիսին, ենթադրում է սուբստանտիվ քննարկումներ: «Այսօր սուբստանտիվ բանակցությունները ենթադրում են մեկ ուղղություն՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկում: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում գործնականում: Բաքուն տորպեդահարում է այդ գործըթնացը, վարում անադեկվատ քաղաքականություն: Ինչի՞ մասին կարելի է խոսել, երբ այդ երկրի նախագահը հայտարարում է, որ թույլ չի տա «Ադրբեջանի տարածքում» երկրորդ հայկական պետության ստեղծում, կամ երբ Բաքվում հնչում են Հայաստանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղ թռչող ուղղաթիռը խփելու կոչեր: Նման գաղափարախոսությամբ ղեկավարվում են ահաբեկիչները, ֆաշիստները, ազգայնականները»,- նշել է Բաբայանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ դեռ մեծ հարց է, թե ով և ում տարածքում է բնակվում:
Միաժամանակ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի առնվազն երեք տասնամյակ, իսկ նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն այսօր պատրաստ չէ նույնիսկ սուբստանտիվ բանակցութուններ վարել: «Սուբստանտիվությունը չի նշանակում հիմարություններ ասել: Իսկ պրն. Մամեդյարովը, կարծում եմ, ասում է այն, ինչ իրեն են թելադրում ասել, և միայն ինչ-որ բան ասելու համար»,- նշել է նա:
Խոսելով ստատուս-քվոն դիտավորյալ ձգձգելու վերաբերյալ Երևանի հասցեին Բաքվի մեղադրանքների մասին՝ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է դրա փոփոխությունը: «Կողմերը նույն դիրքորոշումներն ունեն այն առնչությամբ, որ անհրաժեշտ է պահպանել ստատուս-քվոն, քանի դեռ չի գտնվել հարցի լուծում: Ստատուս-քվոյի փոփոխմանն առնչվող հարցի մեր տեսլականը նորմալ է և համահունչ միջազգային դիրքորոշմանը: Բաքվի համար դա նշանակում է վերադարձ անցյալին, ինչն ինքնին անհնար է: Ադրբեջանական իշխանություններն առաջին հերթին պետք է փոխեն ստատուս-քվոն իրենց ուղեղներում, անհրաժեշտ է փոխել աշխարհընկալումը, ինչը տեսանելի ապագայում, կարծում եմ, հնարավոր չէ»,- գտնում է Բաբայանը:
Խոսելով Վիեննայում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ նմանօրինակ ցանկացած հանդիպում կարևոր է՝ բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման տեսակետից:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳՆԽ 24-րդ հանդիպման ժամանակ հերթական անգամ մեղադրել է Հայաստանին ստատուս-քվոյի դիտավորյալ ձգձգման, ինչպես նաև սուբստանտիվ բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշելու և բանակցային գործընթացը խափանելու փորձերի մեջ: