Արմինֆո. Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դեմ է Երուսաղեմբ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ Արամ Ա. Կաթողիկոսը, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի այդ հայտարարությունը չի համապատասխանում միջազգային օրենքի նորմերին և պատմական իրողությանը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, և հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։
Լիբանանի նախագահ Միշել Աունը նույնպես դեմ է արտահայտվել Վաշինգտոնի այդ որոշմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցության և տարածաշրջանային հարցեր:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Այդ որոշումը հակազդեցություն է հարուցել ողջ արաբական աշխարհում և դրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Երուսաղեմի հայկական և մյուս քրիստոնեական եկեղեցիները դիմել են ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով զերծ մնալ քայլերից, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել Մերձավոր Արևելքին:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, հայտարարել է, Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում: «Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- հայտարարել է Նալբանդյանը: