Արմինֆո.Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին:
Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն իր ելույթում: «Վստահության կառուցման ուղղությամբ իրականացվող քայլերը չեն սահմանափակվում միայն առաջին հարթությունով: Խորապես համոզված ենք, որ մեր կազմակերպության տնտեսական և բնապահպանական ուղղությունն ունի չօգտագործված ներուժ: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն կարող է բնական հարթակ հանդիսանալ մասնակից երկրների միջև համընդգրկուն երկխոսության խթանման համար, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգարցիոն գործընթացների շուրջ՚, - նշել է արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստռում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը՚, - ասել է Է.Նալբանդյանը:
Նա նաև ընդգծել է Հայաստանի ներդրումը կազմակերպության մարդու իրավունքների հարթությունում իրականացվող գործընթացներում և այդ ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ կառույցների հետ: «Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացն կայուն և անդառնալի է։ Բարձր ենք գնահատում այս հարցում ԵԱՀԿ կառույցների ներդրումը՚, - նշել է արտգործնախարարը: «Ուրախ ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Հայաստանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց այս խնդիրը և աջակցեց այս ուղղությամբ ԵԱՀԿ հանձնառությունների ամրապնդմանը: Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին և խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու ԺՀՄԻԳ կազմակերպմամբ և Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երևանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում՚, - ասել է նա: