Արմինֆո.Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտվում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում, պատասխանելով, այն հարցին, թե արդյոք Բաքվի հետ հաշտության պայմանագրի ստորագրման դեպքում Արցախը չի կորցնի իր քաղաքների մեծ մասը, ինչն, իր հերթին, չի բացառի Իրանի հետ ընդհանուր սահմանների բացակայությունն ապագայում:
Մ. Մայիլյանը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից: «Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։ Այսինքն, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, և՛, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որևէ տարբերություն չկա՚, - հայտարարել է Արցախի արտգործնախարարը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ մոտեցումը համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, Արցախի արտգործնախարարը նշել է, որ հակամարտության երեք կողմերը կարգավորման համար առանցքային են համարում տարածքների, Արցախի կարգավիճակի, փախստականների, անվտանգության և Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հարցերը, որոնք կողմերը ժամանակին առաջ են քաշել որպես բանակցությունների առարկա: «Ընդհանրապես, ինչ վերաբերում է բանակցություններին և տևական կարգավորման հասնելու հեռանկարներին, կարող եմ նշել, որ բանակցային գործընթացն արդեն իսկ ունի իր պատմությունը։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները սկիզբ են առել դեռևս 1992 թ. և ունեցել են տարբեր փուլեր։ Անհրաժեշտ է նշել, որ Արցախը ճանաչված է ԵԱՀԿ կողմից որպես հակամարտող կողմ։ Այսինքն, ԵԱՀԿ փաստաթղթերում հստակ նշված է, որ այս հակամարտությունում ներգրավված է երեք կողմ՝ երկու ԵԱՀԿ անդամ պետություն, և երրորդ կողմ, որը Լեռնային Ղարաբաղն է: Սա էական նշանակություն ունի:
Մինչև 1997 թ. տեղի էին ունենում լիարժեք՝ եռակողմ ձևաչափով բանակցություններ, որոնք ընթանում էին դասական եղանակով։ Եվ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվեցին կարգավորման գործընթացում եզակի շոշափելի արդյունքներ՝ 1994 թ. 1995 թ. կնքվեցին հրադադարի և դրա ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, որոնց ներքո կա նաև արցախյան կողմի ստորագրությունը։ Սակայն, 1997 թվականից ի վեր, կարելի է ասել, խաղաղ գործընթացն ընթանում է խեղված ձևաչափով՝ առանց Արցախի ուղղակի մասնակցության, ինչը բացասական է ազդում կարգավորման գործընթացի արդյունավետության վրա։ Այժմ դասական առումով բանակցային գործընթաց չկա, ինչպիսին եղել է մինչև 1997 թվականը: 1997 թվականից սկսած միջնորդները կիրառում են մաքոքային դիվանագիտության (shuttle diplomacy) մեթոդը. աշխատանքներ են տարվում կողմերի հետ մի շարք սկզբունքների համաձայնեցման շուրջ, որոնց հիման վրա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները:
Սակայն այդ գործընթացը դժվարությամբ էր ընթանում, իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ինչը շատ մեծ հարված էր նաև խաղաղ գործընթացին, ավելի է հեռացրել հակամարտության վերջնական լուծման հասնելու հեռանկարները։
Ներկայումս գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումն է, և միջնորդների ջանքերը հիմնականում դրան են ուղղված՚, - ընդգծել է Մ.Մայիլյանը: