Արմինֆո.ՆԱՏՕ-ն Հայաստանին աջակցություն կտրամադրի հնացած ռազմական տեխնիկայի ոչնչացման գործում: Դաշինքի հետ համաձայնագիրը, որն ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 14-ին, վավերացվել է դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի ասելով, համաձայնագրի շրջանակում Հայաստանը կոչնչացնի 161 միավոր ռազմական տեխնիկա, որոնք կորցրել են մարտական կարևորությունը: Այդ տեխնիկան կապամոնտաժվի և կվաճառվի որպես մետաղ: Վաճառքից ստացված միջոցները կուղղորդվեն հանրապետության` Ադրբեջանին սահմանակից տարածքների ականազերծմանը և տեղի բնակիչների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Հնացած մարտական տեխնիկայի ոչնչացումից հետո Հայաստանը կարող է ստանալ նույն քանակությամբ նոր տեխնիկա: Նախագծի իրագործման համար Գերմանիայի կառավարությունը կհատկացնի շուրւ 1,5 մլն եվրո: Ծրագրի իրագործման նպատակով առաջիկա երկու ամիսներին Հայաստանն ու ՆԱՏՕ-ն կստեղծեն Վստահության հիմնադրամ, որի նկատմամբ կկիրառվեն հարկային և մաքսային արտոնություններ, ինչպես նաև գույքի անձեռնմխելիություն:
Հավելենք, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը կառուցվում է ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրին համապատասխան, որն ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: Ծրագրին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է տարածաշրջանային անվտանգության շուրջ պարբերաբար խորհրդատվությունների անցկացում ՆԱՏՕ-ի հետ, անվտանգության ռազմավարության մշակում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր: Հայաստանը նաև մասնակցում է դաշինքի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում: