Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից, կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցերն առաջնային են ԱՊՀ տարածաշրջանի համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռեւս կան չլուծված հակամարտություններ, որոնք սպառնալիք են քաղաքացիների անվտանգ ու խաղաղ ապրելուն: Ակնհայտ են հակամարտությունների որոշ կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլատյացությունը, ֆաշիզմի ու ռասիզմի դրսեւորումները: Մենք՝ որպես հանձնաժողովի անդամներ, պարտավոր ենք միասնաբար կանխարգելելու նման անթույլատրելի երեւույթները: Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից՝ միջազգային նորմերի եւ ընդունված սկզբունքների հիման վրա: Կոչ եմ անում ձեզ առավել վճռական լինել ռազմական հռետորաբանության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ պայքարում: Մեր տարածքում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է խստորեն պատժվի»: Նիստին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: