Արմինֆո. Ռուսաստանը չի կարող արգելել ընդհանուր առմամբ հետխորհրդային երկրներին, և, մասնավորապես, Հայաստանին՝ առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ ԵՄ հետ՝ համանման իր հարաբերություններին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց Բրյուսելն է Մոսկվայի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք հայտնել Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը:
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Մոսկվան շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության երկրների համագործակցության հարցում, քանի որ այդ գործոնը նպաստում է երկու իտեգրացիոն կառույցների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Նման համագործակցությունը թույլ կտա հետագայում համատեղ լուծել շատ հրատապ խնդիրներ»,- նշել է նա:
Միաժամանակ գերամանացի քաղաքագետը գտնում է, որ Հայաստանի կողմից ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանից դեպի Եվրամիություն կտրուկ քայլ չէր: Ըստ նրա, Մոսկվան ամենից առաջ անհաշտ է հետագայում Հայաստանի և ԵՄ միջև պաշտպանության բնագավառում դաշնակցային հարաբերությունների ձեռքբերման նույնիսկ հնարավորության նկատմամբ:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:
Ըստ որում՝ Ռարը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ որպես դեպի Եվրոպա Հայաստանի ուղու մեկնարկ չի դիտարկում: Նրա խոսքով, ԵՄ-ն արդեն կորցնում է իր գրավչությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ հետխորհրդային տարածության այլ երկրներում: Որպես օրինակ՝ նա նշել է Մոլդովայում իրավիճակը, որի բնակչության մեծ մասը, նրա կարծիքով, չի կիսում արևմտամետ ուժերի տեսակետը:
Մոտ հեռանկարում ԵՄ ընդլայնման անհնարինությունը, քաղաքագետի խոսքով, գիտակցում են նաև Եվրոպայում, որի բնակիչները չեն ցանկանում դա՝ հատկապես Brexit-ի, ԵՄ ներքին խնդիրների լույսի ներքո, որոնց դեմ պայքարում է Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարությունը: