Արմինֆո. Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Ադրբեջանի բողոքի նոտային՝ կապված Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացման հետ:
«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և աջակցում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Մեր տեղեկություններով՝ ցուցահանդեսին որևէ մատնանշում չի եղել, ինչը կարող էր վիրավորել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է ցուցահանդեսին, այն մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպմանը պետական կառույցներ ներգրավված չեն եղել»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսից հետո Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը մտահոգություն է հայտնել և դիմել համապատասխան կառույցներին: Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսն ընթացել է՝ «Վերածնունդ» խորագրով: