Արմինֆո.ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրից բխող միջոցառումների իրականացմանը: Այդ մասին նոյեմբերի 27-ին Երևանում կայացած «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, համաձայնագրի ստորագրումն ինքնին պատմական փաստ է: Սակայն, ոչ պակաս կարևոր է դրա իրականացումը: Այս համատեքստում, ինչպես նշել է Սվիտալսկին, Հայատանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է ակտիվացնել ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերը, որպեսզի երկրի շարքային քաղաքացիներն զգան տնտեսության աճի տեմպերը: «Փաստաթուղթը կախարդական փայտիկ չէ, որը մեկ հարվածով լուծում է բոլոր հարցերը: Սակայն, պատշաճ իրականացման դեպքում այն կհանգեցնի շարքային քաղաքացիների կյանքի որակի դրական փոփոխության»,- նշել է նա:
Ինչպես նշել է եվրոպացի դիվանագետը, ԵՄ-ն քաջալերում, բայց միաժամանակ ոչ մի բանի չի պարտադրում: Ստորագրելով փաստաթուղթը, դեսպանի խոսքով, կողմերը պարտավորվել են ինտենսիվացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և դատավարության բարելավման բնագավառում: Ինչպես նշել է դիվանագետը, համատեղ ջանքերով կարելի է հասնել այն բանին, որպեսզի փաստաթուղթը երկրում ժողովրդավարության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործիք դառնա: Բացի այդ, փաստաթուղթը նաև տնտեսական օգուտներ է խոստանում Հայաստանին:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի և ԵՄ անդամ 28 երկրների խորհրդարաններում վավերացումից հետո: