Արմինֆո. Եթե ինքներս ոչինչ չանենք, ԵՄ հետ համաձայնագիրը ոչինչ չի տա մեզ, համոզված է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում`Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին:
«Նույն ԵՄ-ում բազմաթիվ են համաեվրոպական շուկայի խաղի կանոնների և հնարավորությունների՝ ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ օգտագործման օրինակները: Այդ պատճառով ամեն բան կախված է առաջին հերթին մեզանից, քանի որ Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը որպես Հայաստանի խնդիրների լուծման համադարման դիտարկելը սխալ է: Նման համաձայնագիրը շոշափելի ոչ մի բանի չի կարող հանգեցնել»,- համոզված է վերլուծաբանը:
Մինչդեռ, ըստ նրա, Եվրամիության հետ համաձայնագիրի ստորագրումը առկա համագործակցության խորացման հիանալի հնարավորություն է Հայաստանի համար: Ըստ Մանասերյանի, համաձայնագիրն ինստիտուցիոնալացնում և ամրագրում է ԵՄ հետ հարաբերույուններում Հայաստանի առևտրային արտոնություններն ու առավելությունները:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով։