Արմինֆո. Հայաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, եթե Բաքուն հավատարիմ մնա այն կանոններին, որոնք սահմանված են ինչպես դիտորդ-երկրների, այնպես էլ Միության անդամ պետության համար: Այս մասին նոյեմբերի 23-ին, կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի Բաքվում արած հայտարարությունն այն մասին, որ պատրաստ են Ադրբեջանին ընդունել ԵԱՏՄ:
Ըստ Քոչարյանի, Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նշանակում է պահպանել միութենական պայմանագրի այն կետը, որը վկայում է, որ ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունները, այլև նաև ԵԱՏՄ դիտորդ երկրները չպետք ձեռնարկել գործողություններ, որոնք վնասում են ԵԱՏՄ երկրներին: «Դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ ձևով մոտենալ ԵԱՏՄ-ին, ապա չպետք է ձեռնարկի նման գործողություններ», նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:
Հարցը դիտարկելով տնտեսական տեսանկյունից, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ բավական է թեկուզ այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պահել շրջափակման մեջ, այսինքն ձեռնարկում է գործողություններ, որոնք ուղղված են ԵԱՏՄ անդամ երկրի շահերին դեմ: Այս համատեքստում, նշել է Քոչարյանը, Հայաստանը կողջունի այդ միացումը, եթե Ադրբեջանը հավատարիմ մնա դիտորդի և Միության անդամ պետության համար սահմանված կանոններին: «Դա նշանակում է, որ Բաքուն պետք է հրաժարվի շրջափակումից, ինչպես նաև Երևանի նկատմամբ հայատյացության և թշնամական գործողությունների իրականացումից», - եզրափակել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը:
Նոյեմբերի 20-ին Բաքվում, Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր «Մենք շատ ուրախ ենք տեսնել Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության մեջ»: «Այս դաշինքը բաց ինտեգրացիոն համագործակցություն է: Ներկայումս դիտարկվում է Տաջիկստանի միացման հարցն այդ կառույցին: Այդ նպատակով մեզ հայտեր են ներկայացնում նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրները»,-ասել է Լավրովը: Իսկ ՌԴ նախագահի տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը հոկտեմբերին Երևանում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը կախված է Հայաստանի դիրքորոշումից: