Արմինֆո. Պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի ղեկավար Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ, ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ այդ կապակցությամբ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, տեղեկացնում է Аrmenia.Az-ը:
«Մենք վճռականորեն բողոքում ենք Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի ղեկավար Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի դեմ», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ֆրանսիայի Ալֆովվիլում Սահակյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ալֆորվիլի և Արցախի Բերձոր քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: