Արմինֆո. Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, Հանրապետական կուսակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը հերքել է իր և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի միջև հակասությունների առկայության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող խոսակցությունները: «Այդ հրապարակումներն ուղղված են գերատեսչությունում իմ կողմից նախաձեռնված գործընթացների ու ծրագրերի դեմ»,- նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահակյանը:
ՍԱՊԾ ղեկավարի խոսքով, այդ հրապարակումներն ուղղված են լրատվամիջոցներում դիտումների քանակի ավելացմանը: «Արտեմ Ասատրյանի հետ մենք ունենք աշխատանքային, ընկերական և կոլեգիալ հարաբերություններ, համատեղ կառուցողական աշխատանք ենք տանում»,- հայտարարել նա:
Հովհաննես Սահակյանը համաձայն չէ նաև այն բանին, որ պաշտոնը ստանձնելուց հետո կադրային ջարդ է սկսել՝ հիմնականում ուղղված Արտեմ Ասատրյանի կադրերի դեմ: Այլ բան է, եթե աշխատակիցը չի կարող աշխատել՝ գերատեսչության ղեկավարի հռչակած արդարության, ազնվության և անաչառության սկզբունքներով: «Այդ դեպքում, անկախ նրա անձից և ազգակցական կապերից, նա կգիտակցի, որ տեղ չունի մեր թիմում, և տուն կգնա՝ սեփական դիմումի համաձայն»,- պարզաբանել է Հոեվհաննես Սահակյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ դեռ չի անցել 100 օր, ինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը կադրային ջարդ է սկսել՝ ազատվելով աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի կադրերից:
Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել օգոստոսի 9-ին: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել էր Արսեն Ղազարյանը, ով ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: ԶԼՄ-ների համաձայն, Ղազարյանը մտադիր է աշխատաքի անցնել արտասահմանյան երկրներից մեկում: Արդեն հոկտեմբերի 19-ին
աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և թերացումների համար աշխատանքից ազատվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը: Ինչպես այդ ժամանակ հայտնել էին ԱրմԻնֆո-ի իրազեկ աղբյուրները, ներկայումս Վարչությունում իրականացվում են ներքին հսկիչ-ստուգողական աշխատանքներ, որոնք կավարտվեն մեկ ամսից: Աղբյուրը նաև հայտնել էր, որ վերջին ամսում գերատեսչությունում ընթանում են ներքին մանրակրկիտ ստուգումներ և կատարվում են կադրային փոփոխություններ: «Ընդհանուր առմամբ փոխվում են այն կադրերը, ովքեր չեն համապատասխանում Ծառայության նոր ղեկավարության աշխատանքի չափորոշիչներին ու պահանջներինե,- պարզաբանել էր աղբյուրը՝ նշելով, որ որոշ թերացողներ չեն խուսափում նաև պատժից: