Արմինֆո. ՀՀ կառավարող կուսակցությունից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում պետության հաշվին խոսել է ոչ թե 2 մլն դրամի, ինչպես ԶԼՄ-ներն են գրել, այլ՝ «ընդամենը» 1.382.470 դրամի: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԺ աշխատակազմում նաև պարզաբանել են, որ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով:
ԱԺ աշխատակազմում հայտնել են նաև, որ Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին: Իսկ թե ով է վճարելու տիկին Նաղդալյանի՝ վերջին ամիսներին կուտակված հեռախոսային հաշիվները, ԱԺ ղեկավարությունը չի պարզաբանում:
Նշենք, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնավորումից հետո, նրա հրահանգով, ԱԺ աշխատակազմը ծախսերի օպտիմալացման ռեժիմի է անցել: Խորհրդարանի ղեկավարության և խորհրդարանական հանձնաժողովների նախագահների՝ պետության հաշվին հեռախոսային զրույցների լիմիտներ են սահմանվել: Այսպես՝ ԱԺ նախագահի հեռախոսային զրույցների լիմիտը սահմանվել է 40 հազար դրամի, փոխխոսնակների և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների՝ 35 հազար դրամի սահմաններում: