Արմինֆո.Մինչև բանակցությունները չեն ավարտվել, ԱլԳ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը վաղաժամ է, Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:
Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևե չի փոխվել: Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա»,- ասել է Նալբանդյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: Հայտնի է դարձել, որ
պաշտոնական Երևանը և Բաքունդեռ համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձևակերպումների շուրջ, այն դեպքում, երբ փաստաթղթի մնացյալ տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է: Նոյեմբերի 16-ին ԵՄ անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: ԵՄ անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ: