Արմինֆո. Իսրայելում քրեական գործ է հարուցվել Aeronautics Defense Systems ընկերության դեմ, որը կասկածվում է Ադրբեջանի խնդրանքով 2017 թվականի ամռանը հայկական ԶՈՒ վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար:
Ինչպես գրում է The Time of Israel-ը, գործը գտնվում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության վարչության վարույթում: «Չի հրապարակվի խոշոր պատվիրատուի անունը, ում հետ ընկերությունը փորձարկել է ԱԹՍ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ակնհյատ է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանին: Զենքի վաճառքը դադարեցնելու մասին որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ ադրբեջանցիների խնդրանքով ընկերությունը Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ցուցադրել էր Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Ինչպես հաղորդում է գեներալ Արմեն Գյոզալյանը, հուլիսի 7-ին փորձարկման արդյունքում երկու հայ զինվոր էր վիրավորվել՚, - նշվում է աղբյուրի հաղորդագրությունում:
Հավելենք, որ օգոստոսին Ադրբեջանում իսրայելական Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի փորձարկման մասին հաղորդել էր Maariv պարբերականը, ընդգծելով, որ Aeronautics Defense Systems-ի աշխատակիցները հրաժարվել էին կատարել անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու ղեկավարության հրահանգը, և, ի վերջո, ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը ստիպված է եղել իրականացնել հարվածը, որը, սակայն, վրիպել է` ընկնելով հայկական ԶՈՒ դիրքերից 100 մ հեռավորության վրա:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը սառեցրել է ընկերության գործունեությունը և ստուգումներ է անցկացնում նրա հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ, ինչի հետևանքով վիժեցվել էր ընկերության 20 մլն դոլարի պայմանագիրը:
Հավելենք, որ Իսրայելն Ադրբեջանի սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է: ԱԹՍ-ներից զատ Բաքուն Թել Ավիվից ստանում է նաև ռադիոտեղորոշիչներ, հակատանկային հրթիռներ, ականանետներ, գիշերային դիտարկման սարքեր և այլն: