Արմինֆո. Պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները շարունակում են պիկետն Ազգային ժողովի շենի դիմաց: Նրանք հայտարարում են, որ Պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում է իրենց դիրքորոշման անտեսում: Ի նշան բողոքի` ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը` թույլ չտալով ժողովրդի ընտրյալների ծառայողական մեքենաների ելումուտն ԱԺ:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում շարունակվում է ուսանողների հացադուլը, որոնցից մեկը երեկ երեկոյան դադարեցրել էր հացադուլը` առողջական վիճակի վատթարացման առնչությամբ: Մյուսները որոշել են շարունակել հացադուլը` չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` բողոքի ակցիաները դադարեցնելու կոչին:
Ուշագրավ է, որ վերջին օրերին ԶԼՄ-ներում և քաղաքական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում են ուսանողների բողոքի ակցիաների իրական շարժառիթների վերաբերյալ: Իսկ նախօրեին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել էր, թե բողոքի ակցիաները նախաձեռնել է «Սորոսի՚ հիմնադրամը` 20 հազար դոլար հատկացնելով այդ նպատակների համար:
Ուսանողների պատասխանը երկար սպասեցնել չի տվել: Բողոքի գործողությունների նախաձեռնողներից Վահան Կոստանյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է. «OSF-ի դեմ ոչինչ չունենալով` պիտի նշեմ, որ ՀԳԶ֊ն որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել։ 45 հազար դրամ մեր մի քանի ընկերներ են հավաքել (39 հազար տվել ենք սթիքերներին, 6000 բանեռին), մի անգամ 4 հատ պիցցա էHovhannes Hovhannisyan-ը հյուրասիրել, մի անգամ էլ սրճարանում մեր հաշիվը 3000 դրամ ադմինիստրացիան ա փակել։ Հա մոռացա, Դավոյին էրեկ խանութում երկու բուլկի ու մի հյութ ա վաճառողուհին տվել ու գումարը չի վերցրել։ Հայկ Բաբուխանյանին խորհուրդ կտամ սեփական ֆրակցիայում գտնվող չոլկայով պատգամավորների շրջանակում վհուկների որս կազմակերպել, ու ֆոնդի հետ կապ ունեցող անձանց կգտնի՚:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի սահմանափակում ենթադրող օրինագիծը: