Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։ Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը: Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններե ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար ՀՀ դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ Հայաստանում ստենդավորման գները կարող են կրճատվել 30-40%: Ըստ նրա, համապատասխան բանակցություններն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես պարզաբանել է նախարարը, դա հնարավոր կլինի մի շարք պայմանների առկայության դեպքում: «Մասնավորապես, ներդնելով սարքավորումների 5 տարվա մաշվածության, անձնակազմի բարձր աշխատավարձի և յուրաքանչյուր հիվանդի համար 5 օպերացիաների պրակտիկան, գները կարող են իջնել 40%», - ասել է Ալթունյանը:
Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, մահացվածության ցուցանիշներով առաջատարն են սրտանոթային հիվանդությունները: Ստենդավորման գները Հայաստանում տատանվում են 1 միլիոն 200 մլն (2500 ԱՄՆ դոլար) մինչև 850 մլն (1790 ԱՄՆ դոլար) դրամի սահմաններում, իսկ դեղամիջոցներով ստենտավորմամբ`1 միլիոն 700 մլն-ից (3580 դոլար) մինչև 1 մլն 100 միլիոն (2315 դոլար) դրամ: 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է պետական մի ծրագիր, որի համաձայն, պետության պատվերով իրականացվում է ստենդավորում սրտի կաթվածից հետո: