Արմինֆո.Արդեն երրորդ օրն է, ինչ Երևանի պետհամալսարանի ուսանողները շարունակում են պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիաները:
Ուսանողները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները, մինչև օրինագիծը հանվի օրակարգից: Նրանք գտնում են, որ օրինագծի ընդունումը խիստ կհարվածի Հայաստանում բարձրագույն կրթության համակարգին և որակին: Ակցիայի մասնակիցները նաև հավաստիացրել են, որ շատ դասախոսներ աջակցում են իրենց դիրքորոշմանը, սակայն բուհի ղեկավարությունը ճնշում է գործադրում նրանց վրա:
Բուհի ղեկավարությունն ինչպես այսօր, այնպես էլ նախօրեին, փորձել է խոչընդոտներ ստեղծել այցիայի իրականացման ճանապարհին, մասնավորապես՝ կարգադրելով փակել բոլոր մասնաշենքերի դռները և դուրս չթողնել ուսանողներին:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակել է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագիծ՝ արական սեռի բոլոր ուսանողների համար, բացառությամբ բանակում ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողների:
Նախօրեին ակցիայի մասնակիցների հետ է հանդիպել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով, ինչպես նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, օրինագծի ընդունումը նպատակահարմար են համարում: Վերջիններս, ինչպես նաև ողջ իշխող ընտրախավը, չեն կիսում ուսանողների կարծիքը, որ փաստաթղթի ընդունումը բացասաբար կանդրադառնա բարձագույն կրթության որակի գրա:
Մեկ օր առաջ ակցիայի մասնակիցներին հանդիպման էր հրավիրել Վիգեն Սարգսյանը, սակայն ԵՊՀ ուսանողները հրաժարվել են մասնակցել դրան: Փոխարենը հանդիպմանը մասնակցել են այլ բուհերի ներկայացուցիչներ: Վիգեն Սարգսյանը հերթական անգամ նրանց ներկայացրել է նոր բարեփոխումների բոլոր «առավելությունները»:
Նախօրեին Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի արդյունքների համաձայն հայտնել էր, որ իշխանություները մտադիր չեն վերանայել այդ հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումը՝ ուսանողների դասադուլի պատճառով:
ԱրմԻնֆո-ի ունեցած տեղեկությունների համաձայն, իրավիճակին հետևում է Ազգային անվտանգության ծառայությունը, մասնավորապես՝ վերլուծելով բողոքական ալիքի մեծացման հնարավորությունները: ԱԱԾ վերլուծաբանները, սակայն, մեծ չեն համարել նման հնարավորությունը՝ գտնելով, որ բողոքական ակցիաները ժամանակի ընթացքում կմարեն, եթե խոչընդոտներ չստեղծվեն դրանց իրականացման ճանապարհին: