Արմինֆո. Պաշտոնական այցով Իսրայել մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կնեսեթի ղեկավարն ընդգծել է, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։
Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը` Յուլի Էդելշտեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։