Արմինֆո.Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06 %: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան:
Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 5-ին` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր:
«Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում: Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերին:
Ընտրախախտումների վերաբերյալ արձանագրված դեպքերից 16-ով բարձրացված հարցերը հաստատվել են, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արագացված ընթացակարգով ստացել են լուծում: Որոշ դեպքերում տեղամասային կենտրոններում վերացվել են նաեւ մարդկանց և մեքենաների կուտակումները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձին ուսումնասիրել է նաեւ լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները: Թեժ գծին ստացված 2 բանավոր բողոքներից 1-ը վերաբերել է լրագրողական տեղեկատվություն հայցելուն, մյուսը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն: Այդ առումով, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի նկարահանող խմբի աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև Ախուրյանի թիվ 32/01 տեղամասային կենտրոնում ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ տվյալները քրեական դատավարության շրջանակում ստուգման համար կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին՚, - ասվում է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունում: