Արմինֆո. Ռուս պատգամավորները վրդովված են Երևանում հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանը քանդելու պահանջով ՄԱԿ-ին դիմելու Սերգեյ Մարկովի նախաձեռնությունից:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել է ռուսական պատգամավորական կորպուսի աղբյուրը, այդ հարցով ռուս պատգամավորներին են դիմել իրենց հայ գործընկերները: «Հայ պատգամավորները հիշյալ նախաձեռնության առնչությամբ պարզաբանումներ են պահանջել ռուս պատգամավորներից: Այդ փաստը վրդովմունք է առաջացրել նրան մոտ, և իրենք մտադիր են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին բողոքել Մարկովից»,- հայտնել է աղբյուրը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս խորհրդարանականներին մտահոգել է այն փաստը, որ Մարկովի՝ պատմական էությունը խեղաթյուրող նյութը հրապարակվել է «Պառլամենտսկայա գազետայում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում կարող է ստեղծվել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն խորհրդարանականներ և քաղաքագետներ՝ ֆաշիզմը հերոսացնող երկրների դեմ ՄԱԿ-ի դատարան դիմում մշակելու նպատակով: Խոսքը վերաբերում է Ուկրաինային, Հայաստանին, Լատվիային և Էստնիային: Նախատեսվում է, որ խումբը համագործակցելու է գործադիր իշխանության մարմինների հետ: Գաղափարի աջակցությամբ հանդես է եկել ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հավաստում է, որ Հայաստանում, իրոք, ավելի հաճախ են սկսել հարց տալ, թե արդյոք երկիրը չի գնում ժամանակակից Ուկրաինայի ճանապարհով: «Դրա շուրջ մտածելու տեղիք է տալիս այնպիսի կոլաբորացիոնիստների հերոսացումը, ինչպես՝ Դրաստամատ Կանայանը /Դրո/ և Գարեգին Նժդեհը: Վերջինիս արձանը կանգնեցված է Հայաստանում, կոչ ենք անում հայ գործընկերներին քանդել այն»,- հայտարարել է Մարկովը:
Հիշեցնենք, որ 2016 թ. մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանի բացումը, որի մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հուշարձանի տեղադրումը հարուցել է Մոսկվայի ոչ միանշանակ արձագանքը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր. «Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին՚:
Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) ականավոր հայ պետական և ռազմական գործիչ է, ով 20-րդ դարասկզբին պայքարել է հանուն Հայաստանի կայացման և նրա տարածքային ամբողջականության պահպանման: Նա հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանում քարոզող ուսմունքի (Ցեղակրոն) հեղինակն է: Հենց Գարեգին Նժդեհի և նրա ծավալած պայքարի շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել Սյունիքի մարզը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Գարեգին Նժդեհը սկսել է համագործակցել Գերմանիայի իշխանությունների հետ` նպատակ ունենալով կանխարգելել Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան և, գերմանացիների կողմից Անդրկովկասի գրավման դեպքում, Գերմանիայի օգնությամբ հնարավորության սահմաններում վերականգնել Հայաստանի անկախությունը: Իսկ ԽՍՀՄ հաղթանակից հետո նա պատրաստակամություն է հայտնել մարտնչելու Խորհրդային Միության կողմից` Թուրքիայի դեմ հնարավոր գործողության դեպքում: Սակայն ավելի ուշ կալանավրովել է խորհրդային իշխանությունների կողմից և մահացել է բանտում` 1955 թվականին: