Արմինֆո. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը կլուծվի ըստ նպատակահարկամության, նախօրեին մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: «Եթե առաջանա տնտեսական կամ հաղորդակցային նպատակահարմարություն, մենք այդ հարցը կքննարկենք և կլուծենք` արդյոք կառուցել Իրան-Հայաստան երկաթուղի թե որևէ այլ ճանապարհ՚, - բացատրել է վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործման հնարավորությանը` վարչապետը դա նույնպես պայմանավորել է տնտեսական նպատակահարմարությամբ: «Եթե անհրաժեշտություն ծագի, մենք այն կօգտագործենք, եթե ոչ` նշանակում է ոչ՚, - նշել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործման հնարավորությանը, հայտարարել էր. «Այդ նախագծին Հայաստանի միանալու առնչությամբ մեր պայմանն այն է, որպեսզի, առաջին հերթին, կարգավորվի հակամարտությունը, իսկ զորքերը դուրս բերվեն մեր օկուպացված հողերից: Այնուհետև արդեն համագործակցության և հարևանության համար կարելի է օգտագործել ցանկացած պայման: Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել՚: