Արմինֆո. Դժբախտաբար, առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այսօր անհնար է: Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է թուրք լրագրող Սարդար Քորուջուն, պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք հնարավոր է հայ-թուրքական հարաբերույթյունների կարգավորումը` այդ գործընթացը չպայմանավորելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով:
«Դա է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը: Մենք բոլորս հրաշալի գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև հարց է, սակայն, հաշվի առնելով Բաքվի և Անկարայի սերտ հարաբերությունները, Թուրքիան միշտ ընդգծում է հարցի կարգավորման կարևորությունը: Ավելին, նա միշտ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործոններից մեկը նշում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դժխբախտաբար, դա այդպես է՚, - նշել է թուրք լրագրողը:
Միևնույն ժամանակ, Քորուջուն կարծում է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը լավ հնարավորություններ է բացել առկա դժվարությունները հաղթահարելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Դժբախտաբար, այդ ձևաչափը չի գործում: Սակայն, կարծում եմ, պաշտոնական մակարդակով նման քայլերը պետք է շարունակվեն, քանի որ շփումները չափազանց կարևոր են հակամարտությունները հաղթահարելու համար: Փակ դռների հետևում հարցեր չեն լուծվում, հարկավոր է շփվել, վարել մերձեցման քաղաքականություն, և ֆուտբոլային դիվանագիտությունը դրա վառ օրինակներից մեկն է՚, - ասել է լրագրողը:
Միևնույն ժամանակ, Քորուջուն համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերույթյունների կարգավորման գործում կարևոր դեր կարող է խաղալ քաղաքացիական հասարակությունը, քանի որ արդեն ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարույթյունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ և մտադիր չէ անել: «Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեն լուրջ քաղաքական և պատմական խնդիրներ: Դրանց թվին են դասվում, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Ցեղասպանությունը: Եվ այստեղ, կարծում եմ, ավելի կարևոր է սոցիալական, քան քաղաքական հաշտության հաստատումը: Ինչպես ցույց է տալիս փորձը, քաղաքական հաշտության հասնելը փոքր-ինչ ավելի դժվար է, քան` սոցիալականին: Ավելին, ես չեմ կարծում, թե օրերից մի օր թուրք հասարակությունը կարթնանա և կասի. «Այո, տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, մենք ճանաչում ենք այդ և ներողություն խնդրում՚: Այդպես չի կարող պատահել: Դա գործընթաց է, որը պետք է տեղի ունենա անընդհատ և ունենա տրամաբանական ավարտ: Եթե հիշում եք, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում արձանագրվեց որոշ զարթոնք, մարդիկ սկսեցին խոսել այդ իրականության մասին: Իհարկել այնպես չէ, որ այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ոչ ոք տեղյակ չէ, այդ մասին շատերը գիտեն և խոսում են: Սակայն, իմանալն ու ճանաչելը տարբեր բաներ են: Համոզված եմ, որ կգա ժամանակը, և փաստի գիտակցման հետ կլինի նաև ճանաչում՚, - նշել է թուրք լրագրողը:
Նրա կարծիքով, երկու երկրների հարաբերություններում կա ևս մեկ կարևոր հանգամանք, մասնավորապես, Թուրքիայում ոչ ոք չի ցանկանում մտածել, որ իրենց պապերը մարդասպաններ են եղել: «Նրանք ցանկանում են լսել, որ իրենք ապրել են խաղաղության պայմաններում: Իրականում, ոչ ոք չի ցանկանում լինել մարդասպանի թոռ, բոլորը ցանկանում են լինել հերոսների թոռներ, թուրքերի համար չափազանց դժվար է այդ ամենը հաղթահարել՚, - ընդգծել է Քորուջուն:
Անդրադառնալով ԱրմԻնֆո-ի ճշգրտող հարցին, թե արդյոք հնարավոր է տեսանելի ապագայում ակնկալել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, լրագրողը նշել է, որ այդ հարցն այսօր Անրակարայի գերակայությունների թվում չէ: «Թուրքիայի կառավարությունն այսօր ունի ավելի արդիական հարցեր, օրինակ, սիրիկական ճգնաժամը, իրավիճակն Իրաքում: Եվ այդ առնչությամբ, կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` ի տարբերություն կառավարության, որի համար, դժախտաբար, հայոց հարցն այսօր կարևորագույնը չէ՚, - ամփոփել է Քորուջուն: