Արմինֆո. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում շարունակվոււմ են պատանդներին ազատ արձակելու բանակցությունները: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը:
Նա նշել է, որ այս պահին տղամարդը 3 տարեկան տղային պահում է որպես պատանդ: Ջանոյանը նաև ասել է, որ հայտնի են դարձել հանցագործության շարժառիթները, որոնք կրում են անձնական բնույթ:
Իր հերթին, ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարտուն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, որ մանկապարտեզի շենքում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: «Իրավապահների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ բանակցում են տղամարդու հետ, ով օրվա երկրորդ կեսին դանակով ներթափանցել է մանկապարտեզ և պատանդ վերցրել մարդկանց: Այս պահին նա պատանդ է պահում 3-ամյա տղային»: Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ արդեն հայտնի է այդ մարդու ինքնությունը, որը ներթափանցել է մանկապարտեզ, բայց չհայտնեց նրա տվյալները: