Արմինֆո. Համաձայնելով դեռ 2013 թվականի աշնանն առանց տնտեսական բաղադրիչների ասոցացման համաձայնագիր ստորագրելու Երևանի առաջարկությանը, ինչին չգնաց նախկին Եվրահանձնաժողովը, եվրոպացի գործընկերները, փաստորեն, համաձայնել են Հայաստանի «և` և՚ քաղաքականնության հետ` հրաժարվելով «կամ` կամ՚-ից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել կառավարող ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:
«2013 թվականին եվրոպացիները Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը պայմանավորում էին Մաքսային միությանը անդամակցությունից Հայաստանի հրաժարմամբ: Դա էր արձագանքը մեր ղեկավարույթյան առաջարկությանը` բացառելով խնդրահարույց տնտեսությունը, ստորագրել միայն քաղաքական մասը: Կարծում եմ, դա արդյունք է այն բանի, որ Բրյուսելը գիտակցեց «Արևելյան գործընկերության ամենատարբեր երկրների նկատմամբ միասնական ստանդարտներ կիրառելու անարդյունավետությունը: Հասկանալի է, որ «ԱԳ՚-ին մասնակցում են նաև յուրահատուկ իրավիճակում գտնվող երկրներ, ինչը, պարզապես, անհրաժեշտ է հաշվի առնել որոշումներ կայացնելիս՚, - ընդգծել է նա:
Խորհրդարանականը կարծում է, որ ամենաբարձր մակարդակով համաձայնեցված փաստաթղթում արտացոլված են ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի շահերը: Այդ լույսի ներքո, նրա գնահատմամբ, փաստաթղթում կողմերի համար ռիսկեր չկան: Մյուս կողմից, ԵՄ հետ համաձայնագրի նախապատրաստման բանակցային ողջ գործընթացում Երևանը, նրա կարծիքով, հաշվի է առել ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամությունը և, անշուշտ, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները:
«Այդ լույսի ներքո, ԵՄ հետ համաձայնագիրը չի հակասում հայ-ռուսական ռազմավարական դաշինքին, մեր մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Իմ կարծիքով, Ռուսաստանում բավականին դրական են վերաբերվում համաձայնագրին, և ԵՄ հետ ստորագրմանը պատրաստվող համաձայնագրի էության և ոգու մասին մեր գործընկերների իրազեկվածությունը ոչ մի առարկություն չի հարուցում՚, - ամփոփել է հանրապետականը: