Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը և Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հոկտեմբերի 30-ին կմասնակցեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը՝ երկու երկրների նախագահների նախագահությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցեր, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նախատեսված է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: