Արմինֆո. Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն Իսրայելի նախագահ Ռեուվին Ռիվլինի նստավայրում բարձրացրել է Թել Ավիվի կողմից Հայոց ցղեասպանության ճանաչման հարցը: Ի պատասխան` Իսրայելի նախագահը խոստովանել է. «Դժբախտաբար, Իսրայելի կառավարությունը, ելնելով քաղաքական նկատառումներից, չի կարողացել որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, սակայն անձամբ ես այդ հարցը բարձրացրել եմ Քնեսետում ևն ՄԱԿ-ում՚:
Հիշեցնենք, որ Ազնավուրների ընտանիքը նացիստական օկուպացիայի տարիներին իրենց տներում թաքցրել է հայերի, հրեաների և այլ ազգությունների ներկայացուցիչների` վտանգելով սեփական կյանքը: Շառլ Ազնավուրը և նրա քույրը` Աիդան, պարգևատրվել են «Հոլոքոստի ժամանակ հերոսական գործողությունների համար՚ շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալներով: «Այդ հեղինակավոր պարգևն Ազնավուրներ ընտանիքի` Քնար մայրիկի, Միշա հայրիկի և նրանց երեխաների ջանքերի ճանաչման խորհրդանիշ է, որոնք նացիստական օկուպացիայի խավար տարիներին Ֆրանսիայում օգնել են նրանց, ում հետապնդում էին նացիստները՚, - ասվում է հաղորդագրությունում: