Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Տալլինում տեղի ունեցան ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, խորհրհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էստոնական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը շեշտեցին վերջին շրջանում նկատվող երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Երկուստեք կարևորվեցին երկու ԱԳՆ-ների ղեկավարների միջև կայացած հանդիպումները, մշակութային, գիտակրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:
Առանձնահատուկ կարևորվեց երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և այդ առթիվ կազմակերպված միջոցառումների նշանակությունը:
Հաշվի առնելով Եվրամիությունում Էստոնիայի նախագահությունը՝ անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:
Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր: