Արմինֆո. Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: յդ մասին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսության ընթացքում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում: Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք: Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:
Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:
Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:
Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան:
Պատմության ընթացքում և նոր ժամանակաշրջանում մենք դիմակայել ենք ամենաանհավատալի պայմաններում և շարունակել ենք մեր ընթացքը: Պատերազմի սկզբնական շրջանում մի արտասահմանցի ինձ հարցրեց՝ իսկ ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Պատասխանեցի, որ մենք շատ բարեկամներ ունենք, բայց բացի ինքներս մեզնից և Տեր Աստծուց, ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չենք դնում:
Այդ վստահությամբ մենք այսօր էլ շարունակում ենք կառուցել ժամանակակից պետություն, որը լինելու է ամուր և մրցունակ, ունենալու է բարձր տեխնոլոգիաներով և գերարդիական սպառազինությամբ զինված բանակ: Եվ դուք հատուկ դերակատարում ունեք այս տեսլականը կյանքի կոչելու գործում»,- ասել է Սարգսյանը: