Արմինֆո. «Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել», Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսության ընթացքում հայտարարել է
նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ասել է նա:
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ժնևյան հանդիպման արդյունքների համաձայն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հակամարտության լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն բացակայության մասին: «Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Եվ Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է հանրապետության նախագահը:-