Արմինֆո. Ադրբեջանի նախագահը նախանձում է մահմեդական երկրների հետ Հայաստանի օրինակելի հարաբերություններին, ուստի ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: «Թվիթերի» իր միկրոբլոգում այդպես է արձագանքել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Մզկիթներ ավերող Հայաստանը երբեք չի կարող լինել մահմեդական երկրների բարեկամ»:
Մասնավորապես, Ալիևը Ստամբուլում D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում իր ելույթում դժգոհել է «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների օկուպացումից», հաղորդել «մեկ միլիոն ադրդբեջանցի փախստականների և հարյուրավոր զոհերի մասին», պահանջել մի շարք միջազգային բանաձևերի անվերապահորեն կատարում, որոնցում, Ադրբեջանի ղեկավարի ասելով, իբր հայկական կողմից պահանջվում է «ազատել օկուպացված տարածքները»:
Այնուհետև Ադրբեջանի նախագահը կրկին փորձել է կրոնական ենթատեքստ հաղորդել ղարաբաղյան հակամարտությանը: «Ադրբեջանը լուրջ պայքար է մղում այսօրվա դրությամբ աշխարում ամենալուրջ սպառնալիքներից մեկի` իսլամաֆոբիայի դեմ: Իսկ Հայաստանը, որը փորձում է իրեն ներկայացնել որպես մահմեդականներ երկրների բարեկամ, ավիրել է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող մզկիթներն ու կրոնական հուշարձանները: Մզկիթներ ավերող երկիրը երբեք չի կարող դառնալ մահմեդական երկրների բարեկամ», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավրության և «Արևելյան պատմական ժառագության վերածնունդ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Շուշիում ընթանում է Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա նախնական տեսքը, բարեկարգել հարակից տարածքը և իրականացնել մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքի կապիտալ ամրակայման աշխատանքները՝ կառույցի հետագա փլուզումը կանխելու համար։ Ծրագիրը հնարավորություն կտա պահպանել պատմամշակութային հուշարձանը և այն ապագայում օգտագործել որպես մշակութային-զբոսաշրջային կենտրոն։ Վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրավվել են իրանական Part Saman Jahan ճարտարապետական ընկերությունը և իրանցի մասնագետներ։ Հիշեցնենք նաև, որ դեռ 1995 թվականին Երևանում սկսել է գործել վերականգնված Երկնագույն մզկիթը` 18 դարի երկրորդ կեսի Երևանի տեսարժան վայրերից մեկը: