Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, այլ պատասխանատու անձինք: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են բնապահպանության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը և գործնական ակտիվ աշխատանքի միտված պատրաստակամությունը:
2017 թ. հունիսին ստորագրվել են ՉՀ Բնության պահպանության գործակալության և ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ Համագործակցության հուշագիրը և 2017-2018 թթ. գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև: Նախարար Մինասյանն ու դեսպան Միկիսկան կարևորել են երկու երկրների բնապահպանության նախարարությունների միջև ստորագրված բնապահպանության բնագավառում համագործակցության մասին Համատեղ հռչակագիրը, նշելով, որ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ժամանակն է: ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը կարևորել է չեխական կողմի օժանդակության հնարավորությունը ոլորտում տեխնիկական աջակցության, կարողությունների զարգացման և հզորացման բնագավառում: Դեսպան Միկիսկան նշել է Կանաչ Երևան նախագծի շրջանակներում չեխական կողմից առաջարկվող գործողությունների ծրագրի մասին: Համաձայնություն է ձեռք բերվել առաջարկն ուսումնասիրելու և այլ գերատեսչություններին ու Երևանի քաղաքապետարանին այն ներկայացնելու մասին: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
Ավելի վաղ, հոկտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել էր Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության տնօրեն Ֆրանտիշեկ Պելչի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Փոխնախարարը կարևորել է այն առաքելությունը, որով խումբը ժամանել է Հայաստան և ինչը մեծապես կնպաստի Չեխիայի հետ Հայաստանի ստորագրած համագործակցության հուշագրի կոնկրետ դրույթների կատարմանը: Խ. Հակոբյանը հիշեցրել էր, որ փաստաթղթում ամրագրված էին գործողություններ 2017-18 թվականների համար, որոնցով հստակ քայլեր են նախանշված բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի ոլորտներում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած պետական այցի շրջանակում համաձայնագրեր էին ստորագրվել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման և խորացման շուրջ: Ի թիվս այլ փաստաթղթերի` կողմերն ստորագրել էին համատեղ հայտարարություն Հայաստանի բնապահպանության նախարարության և Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության շուրջ: