Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակությունների անդամները ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հեուշահամալիր և ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, որտեղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը գրառում են կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։
Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ նախագահները եղևնի են տնկել Հիշողության պուրակում։
Պատվիրակությունները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու երեք երկրների քննչական կոմիտեների համատեղ երկրորդ նիստին, որի օրակարգում ընդգրկվել և քննարկվել են մինչդատական վարույթի ընթացքում միջազգային հարցումների կատարման, կիբերհանցագործությունների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ ծանոթացել էլեկտրոնային տեխնոլոգիաները նախաքննության գործընթացում ներդնելու՝ Հայաստանի քննչական կոմիտեի փորձին։
Նիստի շրջանակներում ստորագրվել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների միջև։
Արմինֆո. Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին ընդունել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀ ՔԿ հաղորդման համաձայն, երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն առանձնազրույցից հետո ստորագրել են երկկողմ փոխըմբռնման հուշագրեր։