Արմինֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Հայրապետյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.«Արցախում խոր ցավով տեղեկացանք անվանի հայ գործարար, մեծ հայրենասեր ու բարերար, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Լեւոն Գուրգենի Հայրապետյանի մահվան մասին: Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում, արել է հնարավորը հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի կենսապայմանների բարելավման ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: Նրա աջակցությամբ Արցախում կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր տնտեսության տարբեր ճյուղերում, վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Պետությունը բարձր է գնահատել Լեւոն Հայրապետյանի ավանդն Արցախի զարգացման գործում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նա պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոցե շքանշանով եւ «Երախտագիտությունե մեդալով: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հայրենակիցներին ու ընկերներին, բոլորին մաղթում եմ համբերություն եւ ոգու կորով: Լեւոն Հայրապետյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»:
Այսօր առավոտյան կյանքի 68-րդ տարում ծանր և տևական հիվանդությունից վախճանվել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը կյանքի վերջին տարիներն անցկացրել է կալանքի տակ` Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար յուրացնելու գործով: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն ծանր հիվանդության առնչությամբ գտնվում էր տնային կալանքի տակ: Գործարարը մեծ ավանդ էր ներդրել Արցախի և Հայաստանի զարգացման գործում: Հայրապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում: Իր վերջին ցանկության համաձայն, Լևոն Հայրապետյանը կհուղարկավորվի Մոսկվայի հայկական գերեզմանոցում` ծնողների կողքին: