Արմինֆո.Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, որը Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարին մեղադրել է «բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու՚ փորձի համար:
«Ժնևի հանդիպումից հետո ՀՀ նախագահի` Ադրբեջանի նախագահի հանդեպ դիվանագիտական պարկեշտությունը պահպանող մեկնաբանությունների ֆոնին Նովրուզ Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը՚,- գրել է Շավարշ Քոչարյանը «Թվիթերի՚ իր միկրոբլոգում:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես մեկնաբանել է Նովրուզ Մամեդովի հայտարարությունը: «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը՚, - գրել է Բալայանը «Թվիթեր՚ սոցցանցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին մասնակցել էին նաև արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը, Մինսկի միջնորդներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Նույն օրը Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սարգսյանը:
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը «Թվիթերի՚ իր էջում գրել է. «Որոշվել էր, որ համաձայնեցված կետերից բացի ոչ մի այլ հայտարարություն չի լինելու: Չնայած խոստմանը` նա (Սերժ Սարգսյանը) կրկին դրժել է այն: Ըստ երևույթին, նա դեռ չի ձերբազատվել բանակցությունները ձախողելու մտադրությունից՚:
Արմինֆո.Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: