Արմինֆո.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած հանդիպումը, և կոչ է արել երկու երկրներին զարգացնել այդ հաջողութունը՝ հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ժնևում կայացած հանդիպումը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է անում կողմերին օգտվել այդ հանդիպման շնորհիվ ձևավորված դրական դինամիկայից՝ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»,- ասվում է Դյուժարիկի հատարարության մեջ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացրել Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցել են հանդիպմանը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)): ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել են հանդիպմանը:
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: