Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թվականների համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։ Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 16-ի Ժնևում տեղի է ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, Մինսկի խմբի միջնորդներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆֆերը (ԱՄՆ), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները պայմանավորվել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, միջնորդներն իրենց հանձնառությունն են հայտնել շարունակելու ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատել, գտնել խաղաղ լուծելու ճանապարհներ: Որպես հաջորդ քայլ միջնորդները նշել են երկու երկրների արտգործնախարարների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը: