Արմինֆո. Հայկական կոնյակագործության 130-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ներկայացրել է մի նոր և եզակի պրոդոկտ`ARARAT Single Cask-ը, 57% թնդությամբ, որը թողարկվել է խիստ սահմանափակ քանակով և համարակալված շշերով:
«Սա աննախադեպ է Հայաստանի կոնյակագործության պատմության մեջ», - հոկտեմբերի 6-ին ասել է ԵԿԳ արտադրության գծով տնօրեն Համլետ Անտոնյանը, ներկայացնելով նոր պրոդուկտը, որը պատրաստվել և պահպանվել է Տավուշի մարզի յուրօրինակ կլիմայական պայմաններում: «Հպարտ եմ անձամբ ներկայացնել մեր նոր լուծումը, որը ներառում է Տավուշի մարզի բնակչության կամքի ուժն ու տոկունությունը, և որը հայտնի է իր զով կլիմայով և բյուրեղյա հստակ օդով, ինչը սպիրտին հաղորդում է բացառիկ մեղմություն և եզակի օրգանոլեպտիկ հատկություններ: Այս խմիչքի բնույթը դրսևորվում է խորը փայտային և ծխագույն նոտաներով, մեղմ վանիլի և դարչինի հետ միասին», - ընդգծել է նա:
Անտոնյանը նշել է, որ ARARAT Single Cask-ն անցել է կրկնակի թորման միասնական գործընթաց և պահպանվել մեկ տակառում, առանց հետագա կուպաժի: Նա ընդգծել է, որ դա միակ ապրանքն է, որը շրջանցում է սառը ֆիլտրացիայի փուլը, ինչը թույլ է տալիս պահպանել համի և բույրի ավելի շատ նոտաներ:
ARARAT Single Cask-ի սահմանափակ թողարկման համար, որը կազմում է ընդամենը 1440 շիշ, ԵԿԳ վարպետներն ընտրել են ընդամենը երեք տակառ: Նորարարական շարքի յուրաքանչյուր շշի վրա Մատենադարանից հատուկ հրավիրված մասնագեռը փորագրել է յուրահատուկ համարը, որով նշվում է նաև այն տակառը, որտեղ պահվել սպիրտը: Նա նաև հաղորդել է, որ փորձագետների հանձնաժողովը նշել է ARARAT Single Cask-ի անկրկնելի գույնը, որը նման է «հայկական աշնան մայրամուտի գույներին»:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Հ.Անտոնյանը նշել է, որ խմիչքի իրացումը նախատեսվում է միայն ներքին շուկայում: Մասնավորապես, նա նշել է, որ նոյեմբերի 1-ից ARARAT Single Cask-ի գնահատողները կարող են այն ձեռք բերել Duty Free-ից, իսկ դեկտեմբերի 1-ից` արդեն Հայաստանի մանրածախ ցանցերում: Բացառիկ այդ խմիչքների նախնական արժեքը գնահատվում է 90 հազար դրամ: Ըստ Անտոնյանի, ըմպելիքը հարմար է օգտագործել ինչպես որպես ապերիտիվ, այնպես էլ որպես դիժեստիվ:
Ըստ արտադրության ղեկավարի, ԵԿԳ նոր պրոդուկտի մարմնացումն է շքեղ մինիմալիզմը և քրաֆթ հայեցակարգը, ինչն իր արտացոլումն է գտել ժամանակակից փայտե փաթեթավորման մեջ: «Պիտակների կոմպոզիցիան շիշը եզրագծում է Արարատ լեռան ուրվագծերով, միաժամանակ ընդգծելով խմիչքի շքեղ գույնը», - ասել է նա:
Ինչպես նշվում է ԵԿԳ հաղորդագրության մեջ, նոր պրոդուկտի շուկա դուրս գալու կապակցությամբ, հայկական կոնյակագործության ողջ պատմության ընթացքում վարպետները քաջություն են ունեցել ընդլայնել ստեղծագործական սահմանները և հանդես գալ ժամանակի համար ավանգարդային հանդիսացող լուծումներով, շուտով դրանք վերածելով անփոխարինելի կանոների: Այսպես, անցյալ դարի սկզբին Մկրտիչ Մուսինյանն ստեղծեց առաջին հայկական տեսակավոր կոնյակը, մեկնարկ տալով հայկական կոնյակի հաղթարշավին, իսկ մի քանի տասնամյակ անց, XX դարի կեսերին, հայկական կոնյակագործության պատրիարքը`Մարգար Սեդրակյանն առաջարկեց հեղափոխական մի գաղափար`կոնյակին ավելացնել ոչ թե թորած, այլ աղբյուրի ջուր: Նորարարական այս առաջարկը հետագայում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե կանոնը: ARARAT Single Cask-ը նորարարական առաջարկ է, որը ներդաշնակության գնահատողներին առաջարկում է մի նոր խմիչք, որը կարելի է փոխաբերաբար անվանել «մեկ վրձահարվածով կտավ», և որը կատարվել է ամենակարճ ճանապարհով`տակառից մինչև գավաթ:
Նշենք, որ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակներն արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում, ավանդական տեխնոլոգիայով, որի հիմքերը դրվել են 1887-ին, Վասիլի և Ներսես Թաիրյանց եղբայրների կողմից: Կոնյակների ստեղծման ընթացքում օգտագործվում են միայն հայկական բարձր որակի խաղողի սորտեր և բյուրեղյա հստակ աղբյուրի ջուր: Թանկարժեք կոնյակի սպիրտն ԱՐԱՐԱՏ-ը պահում է Կովկասյան դարավոր կաղնուց պատրաստված տակառներում, որոնք պատրաստված են գործարանի սեփական արհեստանոցում: 1998 թ.-ին, Երևանի կոնյակի գործարանը դարձավ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային ընկերության անդամ, որը հանդիսանում է պրեմիում խմիչքների արտադրության համաշխարհային առաջատարը: