Արմինֆո.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «ագրեսիայի» մեջ:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հայտնի է միջազգային հանրությանը: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվում են երկար տարիներ՝ որևէ գործնական արդյունք չտալով: Հայաստանը ձգտում է պահպանել ստատուս-քվոն, ինչը հակամարտության չկարգավորման գլխավոր պատճառն է»,- ասել է Ալիևը՝ հերթական անգամ հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանձևի մասին:
Միաժամանակ Ալիևը հայտարարել է ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին: Նրա խոսքով, դա պնդում է ոչ միայն Բաքուն, այլ նաև՝ Մինսկի միջնորդները: «Ամբղջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Մենք չենք համաձայնի պատմականորեն մեզ պատկանող հողերի վրա երկրորդ հորինված հայկական պետության ստեղծմանը: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն անհրաժեշտ է պահպանել: Հայաստանի օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Այնուհետև կլինի խաղաղություն, և իրավիճակը կկայունանա»,- հայտարարել է Ալիևը: Միաժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը մշտական սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Հակամարտության չլուծվածության պատճառներից մեկը միջազգային մակարդակով ագրեսորի վրա ճնշման բացակայությունն է: Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, մի երկրի դեմ, որը խախտել է միջազգային իրավունքի նորմերը և հումանիտար նորմերը, ապա հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթացին, ինչը շատ կարևոր հարց է: «Բանակցությունները բոյկոտելու նրանց քաղաքականությունն առաջին հերթին հիմարություն էր, իսկ երկրորդը՝ ոչ արդյունավետ: Որքանով հայտնի է ինձ, Հայաստանի ղեկավարությունը տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Եվրոպայից, ուղերձներ է ստացել, որ իրեն չի կարող այդպես պահել»,- ասել է Ալիևը: