Արմինֆո.Վրաստանի Գումբուրդո գյուղի բնակիչների, այդ թվում՝ ազգությամբ հայերի և Վրաստանի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անհապաղ նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:
Միջադեպի առնչությամբ բոլոր զարգացումները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրության կենտրոնում՝ օրենքով ընձեռված իրավասությունների շրջանակում։ «Միջադեպի առաջին իսկ օրից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Վրաստանի hանրային պաշտպանի աշխատակազմի հետ: Արման Թաթոյանն անձամբ հարցը մի քանի անգամ քննարկել է վրաց պաշտոնակից Ուչա Նանուաշվիլիի հետ, ինչպես նաև հարցը բարձրացվել է գրավոր հաղորդակցությամբ։ Վրաստանի հանրային պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ միջադեպի առնչությամբ: Ըստ Ուչա Նանուաշվիլիի՝ իր իրավասության շրջանակում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: Վրաստանի hանրային պաշտպանի հետ ձեռք բերված պայամանավորվածության համաձայն՝ իր աշխատակազմում հատուկ ուշադրություն է դարձվելու ազգությամբ հայերի դիմումների քննարկմանը: Միջադեպի մասնակից անձանց՝ Հայաստանում գտնվող ազգականները կարող են դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ համապատասխան տեղեկություններ ճշգրտելու նպատակով»,- նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրությունում:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի հայերը ցանկացել են խաչքար տեղադրել տեղի եկեղեցու բակում, բայց հանդիպել են ոստիկանության դիմադրությանը: Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, իսկ որոշ ժամանակ անց գյուղի բնակիչները քարեր են նետել նրանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով երկուստեք տուժածներ կան: Իրավիճակը հանդարտվել է այն բանից հետո, երբ ժամանել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին: Քանի որ Թբիլիսին մտադիր է եկեղեցին հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանությանը, ապա, կազմակերպության օրենքների համաձայն, խաչքարի տեղադրումը խախտում է: Դա էլ ոստիկանության և գյուղի բնակչության միջև ընդհարման պատճառ է հանդիսացել: Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից հարուցվել է քրական գործ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, ներկայումս իրավիճակը Ջավախքի Գումբուրդո գյուղում կայունացել է. կողմերը փոխհամաձայնության են եկել: «Կողմերը հանգել են փոխհամաձայնության և որոշել այդ հարցը թողնել երկու երկրների եկեղեցիների իրավասությանը»,- հայտարարել է Թորոսյանը: Խոսելով այն մասին, թե ինչու խաչքար տեղադրելիս խնդիր է առաջացել, չէ, որ նախկինում էլ հայկական համայնքը տեղադրել է դրանք ամբողջ Ջավախքի տարածքում՝ Թորոսյանը նշել է մի քանի պատճառ: «Դա կարող է լիենլ սադրանք հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: Բացի այդ, հայ-վրացական հարաբերություններն, իրոք, միանգամայն նոր բարեկամական մակարդակ են դուրս եկել, հաճախակիացել են փոխայցելություններն ու հանդիպումները, ինչը, բնականաբար, ամենևին դուր չի գալիս ադրբեջանա-թուրքական տանդեմին, և այդ համայնքների ներկայացուցիչները մշտապես փորձում են թշնամություն հրահրել մեր միջև՝ շահարկելով Ջավախքի ինքնորոշման հարցը, որին, իբր ձգտում են տեղի հայերը»,- հայտարարել է Թորոսյանը: Միջադեպի հետ կապված՝ վրացի գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների բարեկամական հարաբերություներից ելնելով՝ միջադեպն արագ կկարգավորվի: