Արմինֆո.Ազգային ժողովը քննարկում է ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որպես իրենց նախաձեռնության հիմնավորում, թվարկել է, իր կարծիքով, մի քանի գլխավոր գործոն: Այսպես, որոշման մեջ ասվում է, որ հանրապետության ԵԱՏՄ անդամության 3 տարում Հայաստանի ՀՆԱ դոլարային արտահայտությամբ կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը նվազել է 13 տոկոսով, միջազգային պահուստները կրճատվել են 40 տոկոսով, պետական պարտքն ավելացել է 10 տոկոսով: Միաժամանակ արձանագրվել է նաև երկրի տնտեսությունում ներդրումների կրճատում: Այսպես, եթե 2014 թվականին ներդրումների ծավալը կազմել է 167 մլրդ դրամ (շուրջ 350 մլն դոլար), ապա 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է արդեն 81 մլրդ դրամ:
«Ելք՚ դաշինքում կարծում են, որ Հայաստանի մասնակցությունը տվյալ ինտեգրացիոն միավորմանը սահմանափակում է երրորդ երկրների հետ առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունը, այդ թվում` հարևան Վրաստանի և Իրանի հետ: Խմբակցությունում նաև կարծում են, որ ի հեճուկս ԵԱՏՄ շուրջ համաձայնագրին, չի ապահովվում կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ:
«ԵԱՏՄ անդամ երկրները չեն նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին, դրանցից ոմանք բազմիցս ամենաբարձր մակարդակով հանդես են եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին` ապահովելով ժամանակակից հարձակողական սպառազինությունների զինանոցի շուրջ 85 տոկոսը՚, - ասվում է որոշման նախագծում:
Փաստաթղթի հեղինակները նաև վկայակոչում են «Հայաստանի քաղաքական համակարգում ԵԱՏՄ մի շարք երկրներում գոյություն ունեցող ավտորիտար ավանդույթների մշտական ներդնումը՚ և, որպես հետևանք, Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների թվի աճը: Հաշվի առնելով վերը նշված գործոնները` խմբակցությունը Հայաստանի համար վտանգավոր և սպառնալիքներով հղի է համարում ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա գտնվելը:
ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն, իրենց հերթին, կտրականապես համաձան չեն «Ելքի՚ գործընկերների փաստարկներին: Այսպես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որպես հանրապետության ԵԱՏՄ անդամության արդյունավետության ապացույց նշել է տնտեսական ցուցանիշները` ՀՆԱ, արտահանման, տնտեսական ակտիվության աճը:
Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե, ընդհանրապես, անիմաստ է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի այժմյան քննարկումը, քանի որ հայ ժողովուրդը, քվեարկելով ՀՀԿ և գործող իշխանությունների օգտին, որոնք նախաձեռնել են այդ միությունում հանրապետության անդամությունը, ինքնըստինքյան պաշտպանել է հենց այդ ինտեգրման վեկտորը: ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկումը նշանակում է հակադրվել ժողովրդի կամքին, նշել է Շարմազանովը:
Արմինֆո.Հակառուսական և հակաեվրասիական տրամադրությունները Հայաստանում կրում են պատվիրված բնույթ: Այդ են վկայում «Ժողովրդի ձայն՚ ակումբի դիտարկման արդյունքները: