Արմինֆո. «Մենք հուսով ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն՝ լուծելու առկա հարցերը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտն արդեն ողջունել է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: «Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ, որ հանրաքվեին որպես դիտորդ ներկա են եղել շուրջ 60 երկրների պատվիրակություններ: Հանրաքվեին մասնակցել է 3 մլն 305 հազար 925 մարդ: Այդ մասին հայտարարել են քրդական ինքնավարության տեղական իշխանությունները: Ձայնի իրավունք ունի Իրաքյան Քրդստանի ավելի քան 5,2 մլն բնակիչ: Չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 72 ժամ անց, ձայների նախնական հաշվարկը ցույց է տվել, որ հանրաքվեի մասնակիցների մեծ մասը հանդես է եկել անկախ քրդական պետականության ստեղծման օգտին: Այդուհանդերձ, Իրաքը և Թուրքիան արդեն կտրուկ ձևով դժգոհություն են հայտնել տարածաշրջանում առկա գործընթացների առնչությամբ, ընդգծելով, որ չեն ընդունի հանրաքվեի արդյունքները` եթե դրանք դրական լինեն: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ մտադիր չէ առճակատման գնալ հարևանների հետ և ցանկանում է խնդիրը լուծել բանակցային հիմունքով: