Արմինֆո. «Գլոբալ ջերմացումը նպաստեց այն բանին, որ ողջ աշխարհում ամռանը հրդեհներ մոլեգնեցին, այդ ճակատագրից չխուսափեց նաև Հայաստանը: Մենք պետք է ակտիվորեն զբաղվենք հրդեհների կանխարգելմամբ և կլիմայի մեղմացմամբ. ստեղծենք ավելի շատ կանաչ տարածքներ, նվազեցնենք ածխաթթու գազի արտանետումների մակարդակը՚, - հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում:
Նախարարը նաև նշել է, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե հատկապես ինչն է ազդել «Խոսրովի անտառ՚ արգելոցում հրդեհի վրա` կլիմայական պայմանները թե մարդկային գործոնը: Այդ գործով քննություն է ընթանում: Մինասյանը նաև կտրականապես հերքել է այն հնարավորությունը, որ հրդեհը կարող էր լինել հանքերի շահագործման արդյունք:
Նրա ասելով, հրդեհի արդյունքում այրվել է 2200 հա տարածք: «Ամենամեծ վնասը հասցվել է գիհուտներին, որոնք շատ դժվար են վերականգնվում: Իսկ ֆլորան ավելի քիչ է տուժել՚, - հայտարարել է նախարարը:
Նա նաև նշել է, որ մեծ խնդիր է արգելոցի տարածքում կապի բացակայությունը, և «ՎիվաՍել-ՄՏՍ՚-ը խոստացել է աջակցել և արգելոցի աշխատակիցներին մատակարարել հաղորդակցության բոլոր անհրաժեշտ միջոցները: