Արմինֆո. Այսօրվա քաղաքական իրողությունները բնորոշվում են ԱՄՆ կողմից համաշխարհային միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, Հայաստանի քաղաքական գործընթացների վրա արևմտյան ազդեցությանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:
Փորձագետի խոսքով, ԱՄՆ-ը հիմնականում զարգացող ժողովրդավարությամբ երկրներում իր գերիշխանությունը տարածում է Սորոսի հիմնադրամի միջոցով՝ ժողովրդավարական բարեփոխումների քողի ներքո «հակապետական» տարբեր նախագծեր ֆինանսավորելով:
Նա հիշեցրել է, որ մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը սահմանափակվում է: Այնուհետև նա ներկայացրել է հայկական կազմակերպությունների ցանկը, որոնք ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամի կողմից, և, ըստ փորձագետի, «հակաժողովրդական» գործունեություն են ծավալում: Դրանց թվում են լրագրողների և հայտնի իրավապաշտպանների գլխավորած մի քանի կազմակերպություններ, որոնք, ներկայացված տվյալների համաձայն, $150 հազարից մինչև $700 հազար են ստացել հիմնադրամից:
Հաջորս ուղղությունը, որը սպասարկում է այդ կազմակերպությունների մի մասը, Նահապետյանի խոսքով, հակառուսական, հակաեվրասիական քարոզչությունն է և երկրում անկայունության օջախների ստեղծումը: Ամփոփելով իր խոսքը՝ նա մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ նման կազմակերպությունների կողմից ավելանում է ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վրա ճնշումը՝ ստիպելու վերջիններիս հանդես գալ նախաձեռնությամբ և ընդունել «Ընտանեկան բռնության կանխման և ընտանեական բռնության ենթարկված անձանց պատպանության մասին» և «Խտրականության դեմ» օրենքները, ինչպես նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» ստամբուլյան կոնվենցիան:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը
նշել է, որ նման կազմակերպությունները Հայաստանում գործունեություն են ծավալում կայքերի, սոցիալական ցանցերի, փողոցային միջոցառումների, ֆիլմերի, քննարկումների միջոցով:
Այվազյանի խոսքով, վտանգն այն է, որ գործելով հասարակական դաշտում՝ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող շատ կազմակերպություններ և քաղաքական շարժումներ անհրաժեշտ պահի կարող են օգտագործվել ներքաղաքական իրադրության ապակայունացման համար: